Արման Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց միջադեպից



Նրա խոսքով՝ քննությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, քննության լրիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: «Այդ անձինք օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, և մեր ոստիկանության ծառայողների, մասնագիտական լեզվով ասած օպերատիվ հոտառությունը չի դավաճանել և մոտեցել են ճիշտ մարդկանց: Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել: Նրանք հասցրել են կապ տալ, բոլորը մոտեցել են, բայց, ցավոք, մեր գործընկեր Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չեղավ փրկել»,- ընդգծեց Արման Սարգսյանը:

Նա շեշտեց՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն: «Եվ խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այս կերպ կամ որևէ այլ կերպ պետության վրա ձեռք բարձրացնել: Սա նաև մեր համախմբվածության արդյունք է, որ իրավապահ մարմինները գիշերվա այս կարճ ժամանակահատվածում եղած օպերատիվ տեղեկությունների համադրմամբ , բոլոր հնարավոր միջոցների օգտագործման արդյունքում կարողացել են պարզել այդ անձանց ինքնությունը և նրանց բերման ենթարկել: Սպանվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս, չեմ վարանի ասել՝ խիզախաբար, որովհետև նրանք կարող էին չտեսնելու տալ, չմոտենալ, չհետապնդել»,- նշեց Արման Սարգսյանը:

Նա հավելեց, որ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանը 38 տարեկան է: «Որքան գիտեմ լրանում էր նրա կենսաթոշակի անցնելու ժամկետը: Նա երեխաներ ունի: Պատրաստվում ենք պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել մեր գործընկերոջը: Սա մեր բարոյական պարտքն է նաև խրախուսել և փառաբանել նման անձանց: Ես նախաձեռնելու եմ գործընթաց, որպեսզի նա պարգևատրվի»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարը: