«Ես հավատում եմ Դավիթին ու չեմ հավատում Թորոսյանին. Ոչ մի Թորոսյան չի կարող իմ մեջ սասանել Դավիթի նկատմամբ հավատը». Անահիտ Բախշյան


Հարցազրույց Անահիտ Բախշյանի հետ


– Տիկին Բախշյան, երբ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար, Դուք վստահություն հայտնեցիք, որ նա անմեղ է: Կան նաև մարդիկ, ովքեր պաշտպանում են Արսեն Թորոսյանին: Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ Արսեն Թորոսյանն իր դեմ սուտ ցուցմունք է տվել: Արդյոք նույն քաղաքական ուժին պատկանող անձանց միջև նման հարաբերությունները չե՞ն ազդում երկրի ներքաղաքական կյանքի, նրանց կուսակցության նկատմամբ հավատի վրա:

– Միայն Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցածը չէ, որ հանրության շրջանում այսպես քննարկվում է, նաև Վալերի Օսպիյանի, Արթուր Վանեցյանի դեպքերը, ափսոսում ես, էլի: Ես 15 տարի ճանաչում եմ Դավիթին և անվերապահ վստահում եմ նրան, ոչ մի Արսեն Թորոսյան ինձ չի կարող համոզել, չգիտեմ՝ ինչ են գրել իրենց դավթարներում, ցուցմունքներում, դա ինձ չի հետաքրքրում, չեն կարող իմ մեջ սասանել Դավիթի նկատմամբ վստահության աստիճանը: Ես հավատում եմ Դավիթին ու չեմ հավատում Թորոսյանին:

– Սա ինչպե՞ս է անդրադառնալու իրենց կուսակցության և անձամբ իրենց վրա:

– Դա իրենց խնդիրն է, դա իրենց խնդիրն է: Երբ որ Դավիթի պես մարդու լիազորությունները վարչապետը չորս ամիս աշխատելուց հետո կասեցրեց, և այս ամբողջ պատմությունը սարքեցին, որովհետև քրեական գործ կա, ես Ֆեյսբուքում գրառում արեցի՝ «Պարոն վարչապետ, գիտե՞ք՝ դպրոցներում ինչքան տնօրեններ կան, որոնց նկատմամբ քրեական գործ կա հարուցված, բայց նրանք աշխատում են: Այդ ինչո՞ւ Դավիթի դեպքում անմիջապես լիազորությունները կասեցրիք, իսկ մյուս դեպքում՝ ոչ: Ինձ ասացին, որ այս դեպքում ԱԱԾ-ն է գործ հարուցել, դրա համար, բայց ի՞նչ տարբերություն, կամ երկու պարագայում էլ արեք, կամ մի արեք ընդհանրապես: Սա շատ վատ երևույթ է: Տարբեր բաների մասին է ասում. առաջին՝ ոչ պրոֆեսիոնալ գործունեություն, երկրորդ՝ ներքին շարժառիթներ, անձնական շարժառիթներ, որի արդյունքում այս գործը սարքվեց, երրորդ՝ երկուսն էլ միասին: Երկուսի համար էլ ցավում եմ, որ մեկի ասածն էլ հերքվի, երկու դեպքում էլ մեր պետությունը լուրջ խնդիրներ ունի, որը հեչ ցանկալի չէ:

– Տիկին Բախշյան, երբ Հարսնաքարում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մայոր Վահե Ավետյանը մահացավ, Դուք պահանջում էիք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Վայոց ձորում տեղի ունեցած դեպքից հետո հանրությունը սպասում էր Ձեր արձագանքին: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր և այդ դեպքերի ժամանակ ակտիվ մի շարք այլ մարդկանց լռությունը: Ի՞նչ գնահատական եք տալիս:

– Այն ժամանակ մենք ակտիվ պայքարեցինք, Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չտվեց, հիմա ակտիվ չեմ պայքարել անձամբ ես, բայց մարզպետը հրաժարական տվեց: Իշխանության պատասխանատվության հարցն է, այսօրվա իշխանությունը չի ուզում, որ զուգահեռներ տարվեն նախորդների հետ, և շատ արագ հրաժարական տվեց: Վահե Ավետյանի դեպքերի ժամանակ մենք օրերով փողոցներն ընկած էինք, այսօր այդպիսի շարժում չեղավ, բայց հրաժարական եղավ: Տարբեր բաներ եմ կարդացել, բայց դա կարդալուց չեմ եկել մի եզրահանգման: Թող քննությունը պարզի:

Автор записи: admin

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *